Ֆեդերացիայի պատմություն

1963 թվականին Տիգրան Պետրոսյանի աշխարհի չեմպիոն դառնալուց հետո Հայաստանում շախմատային բուռն աճ տեղի ունեցավ։ Բազմաթիվ ծնողներ սկսեցին իրենց երեխաներին տանել շախմատի խմբակ։ Շախմատը բուռն զարգացում էր ապրում նաև Արարատի մարզում։

Առաջին հաջողությունները՝ Գագիկ Գևորգյան

Մարզի լավագույն շախմատիստը Գագիկ Գևորգյանն էր։ Նա ծնվել է 1957 թվականին, և արդեն 1976 թվականին ներկայացրել <<Սևան>> կամավոր մարզընկերությունը՝ նվաճելով համամիութենական անհատական առաջնության արծաթե մեդալը։ Երկու տարի անց Հայաստանի տղամարդկանց առաջնության եզրափակիչ փուլում Գագիկ Գևորգյանը 18 մասնակիցների մեջ գրավեց 5-րդ տեղը։ Մեծ հաջողությունների է հասել նաև մարզչական գործունեության մեջ, արժանացել է ՀՀ վաստակով մարզիչի կոչման, եղել է Սմբատ Լպուտյանի մարզիչը։ Երկար ժամանակ եղել է ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, այժմ ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամ է։

Գագիկ Գևորգյան
ՀՀ Շախմատի վաստակավոր մարզիչ՝ Գագիկ Գևորգյան

Մարզի ֆեդերացիայի հիմնում

1992 թվականին Հայաստանը դարձավ ՖԻԴԵ-ի անդամ՝ փաստացի հիմնելով անկախ Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ 1996 թվականին ստեղծվեց Շախմատի ակադեմիա հիմնելու գաղափարը, 2002 թվականին ակադեմիան հիմնվեց և սկսեց տարածվել մարզերով։

Արարատի մարզում շախմատի զարգացման անմիջական մասնակցություն ունեցավ Գագիկ Գևորգյանը, ով՝ լինելով ՀՀ շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, մեծ ուշադրություն դարձրեց Արարատի մարզին։

Արարատի մարզի ֆեդերացիան հիմնվեց 2005 թվականին, ակադեմիայի առաջին մասնաճյուղը բացվեց Արտաշատ քաղաքում, որտեղ մարզիչ դարձավ Գագիկ Գևորգյանի աշակերտ Միքայել Մարտիրոսյանը։ Գագիկ Գևորգյանի անմիջական աջակցությամբ շախմատը սկսվեց տարածվել նաև մարզի մյուս քաղաքներում, մարզի մարզչական կազմը համալրեցին Իսահակ Հարությունյանը, Երվանդ Գաբրիելյանը, Համլետ Հովհաննիսյանը և այլք։ Շախմատը սկսեց բուռն զարգացում ապրել։ 2010-ական թվականներից մարզի սաները սկսեցին հաջողություն գրանցել տարբեր մրցաշարերում։ Սաներից ուժեղագույններն են եղել Վարդան Բեգլարյանը, Յուրա Ղազարյանը, Արտյոմ Սուքիասյանը, Հրայր Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը։

Հաջողություններ

Ամենամեծ հաջողությանը հասել է Հայկ Մարտիրոսյանը, ով 2011 թվականին 11 տարեկանում դարձավ ՖԻԴԵ-ի վարպետ և սկսեց լուրջ արդյունքներ գրանցել շախմատում։

  • Հայաստանի պատանիների քառակի չեմպիոն (2011, 2012, 2014, 2015 թվականներին)
  • Եվրոպայի մինչև 12 տարեկանների կրկնակի չեմպիոն (2011-2012թթ․)
  • 2015 թվականին Աշխարհի մինչև 16 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր
  • 2016 թվականին Աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն
  • Նույն թվականին Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի կազմում Համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալակիր
  • 2017 թվականին ՀՀ տղամարդկանց առաջնությանն բրոնզե մեդալակիր՝ զուգահեր ստանալով գրոսսմայստերի կոչում
  • 2017 և 2018 թվականներին՝ Կարեն Ասրյանի հուշամրցաշարի հաղթող

Քայլ առ քայլ բարելավելով արդյունքները՝ 2018 թվականին Հայկը դարձավ Հայաստանի տղամարդկանց չեմպիոն՝ համալրելով նաև ազգային հավաքականի կազմը։

Հավաքականի կազմում մասնակցել է 1 համաշխարհային օլիմպիադայի և 1 Եվրոպայի առաջնության։

Հաղթել է մի շարք միջազգային մրցաշարերում, 2019 թ․ Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում կիսել է 1-ին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել 2-րդ հորիզոնականը։ 2021 թվականին դարձել է ուսանողների կայծակնային առաջին աշխարհի առցանց առաջնության չեմպիոն։

2022 թվականին Աշխարհի բլից շախմատի առաջնությունում դարձավ բրոնզե մեդալակիր:

2023 թվականին դարձել է Եվրոպայի արագ շախմատի փոխչեմպիոն, ինչպես նաև հավաքականի կազմում Եվրոպայի թիմային առաջնության բրոնզե մեդալակիր։

2024 թվականին Aeroflot open մրցաշարում կիսել է 2-4 տեղերը։

Հայկ Մարտիրոսյան

Մեծ հաջողության է հասել նաև Աննա Սարգսյանը, ով այժմ Հայաստանի կանանց հավաքականի հիմնական խաղացող է։ 2021 թվականին դարձել է ուսանողների կայծակնային առաջին աշխարհի առցանց առաջնության չեմպիոնուհի։

Աննան մի շարջ միջազգային մրցաշարերում ճանաչվել է լավագույն կին շախմատիստ, իսկ 2021 թվականին Բելառուսի Օրշա քաղաքի միջազգային մրցաշարում տղամարդկանց պայքարում գրավել է 2-րդ տեղը։

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում մասնակցել է Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադային և 2019 թվականի շախմատի աշխարհի թիմային առաջնությանը։

Աննա Սարգսյան
Կանանց հավաքականի անդամ՝ Աննա Սարգսյան

2021 թվականին Հայաստանի տղամարդկանց առաջին խմբում մասնակցություն ունեցավ նաև պատանի Արշակ Մելքոնյանը, ով եղել է Հայաստանի մինչև 12 տարեկանների չեմպիոն, իսկ այժմ Հայաստանի մինչև 16 տարեկանների առաջատարներից է։

2019 թվականին Արշակը դարձել է Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների հաղթող։

Շատ երիտասարդ շախմատիստներ, ինչպիսիք են Նարեկ Բարսեղյանը, Բախշի Նագդալյանը, Արայիկ Ղազարյանը, Հակոբ Դանիելյանը, Պարույր Հարությունյանը, այժմ զբաղվում են մարզչական գործունեությամբ և դաստիարակում են նոր սերունդ։

Մեծ հետարքրությամբ շախմատի պարապմունքներին են գալիս նաև փոքրիկները, ովքեր արդեն հաջողություններ են գրանցում։ Վերջին տարիներին մեր մարզի երեխաները մասնակցում են Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլերին։

2013 թվականի դպրոցական օլիմպիադա

2013 թվականին Արտաշատ քաղաքի ավագ դպրոցի թիմը հաղթեց Արարատի մարզի դպրոցականների օլիմպիադայում և իրավունք ստացավ մասնակցել Հայաստանի դպրոցականների օլիմպիադային։

Հանրապետական փուլում Արտաշատի ավագ դպրոցի թիմը Միքայել Մարտիրոսյանի գլխավորությամբ 17 խաղում տոնեց 13 հաղթանակ և 4 մրցամարտ ավարտեց ոչ-ոքի՝ չկրելով ոչ մի պարտություն։ Անհատական միավորներով 68 հնարավորից Արտաշատի թիմը վաստակեց 51 միավոր և դարձավ ՀՀ դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադայի հաղթող։

Օլիմպիադայում փայլուն հանդես եկավ թիմի առաջատար Հրայր Հովհաննիսյանը, ով 17 հնարավորից վաստակեց 16 միավոր՝ այդ թվում հաղթելով Արման Միքայելյանին։

Հոյակապ հանդես եկան նաև Յուրա Ղազարյանը և Նարեկ Դզոյանը, ինչպես նաև շախմատիստուհի Կարինե Վարդանյանը, ով, չլինելով պրոֆեսիոնալ շախմատիստ, կարողացավ վաստակել 6.5 միավոր և իր մեծ ներդրումն ունենալ հաջողության մեջ։

  1. Հրայր Հովհաննիսյան — 16/17
  2. Յուրա Ղազարյան — 13.5/17
  3. Նարեկ Դզոյան — 15/17
  4. Կարինե Վարդանյան — 6.5/17
  • Մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան
Եզրափակիչ աղյուսակ