14.01.2021

Մեր շախմատիստների ելույթը Ա․ Մարգարյանի մրցաշարի տարիքային խմբերում

Հունվարի 10-ին մեկնարկած ավանդական Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում մեր մարզը ներկայացնում էր 3 շախմատիստ․ U18 տարիքային խմբում՝ Գոռ Հարությունյանը, U12 տարիքային խմբում՝ Ալեն Պողոսյանը և U8 տարիքային խմբում՝ Արտաշես Մարտիրոսյանը։ Շրջանաձև մրցաշարում Աննա Սարգսյանի ելույթին կարող եք ծանոթանալ այստեղ>>>

U8 տարիքային խումբ

Մեր ամենափոքր մասնակիցներից Արտաշես Մարտիրոսյանը 4-րդ կարգային շախմատիստ է։ Այս խմբում 10 մասնակցից 7-ը ունեին երրորդ կարգ, սակայն մեր փոքրիկ շախմատիստին հաջողվեց լավ հանդես գալ և մրցանակային տեղ զբաղեցնել։ Մրցաշարը երեք անընդմեջ հաղթանակով սկսելուց հետո Արտաշեսը կրեց երկու պարտություն, սակայն հետագայում կարողացավ ուղղել իրավիճակը ու վերջին տուրից առաջ առաջին տեղը գրավելու լուրջ շանսեր ունենալ։ Ցավոք, Արտաշեսը պարտվեց ավելի փորձառու Սևակ Ափիկյանին, ով էլ դարձավ մրցաշարի հաղթող։

Արտաշեսը գրավեց երրորդ հորիզոնականը և լրացրեց երրորդ կարգ։

Սա մեծ հաջողություն էր մեր փոքրիկ շախմատիստի համար։ Շնորհավորում ենք Արտաշեսին, իր ընտանիքին և մարզիչ Բախշի Նագդալյանին:

U12 տարիքային խումբ

Ալեն Պողոսյանը սկզբնական աղյուսակում 10-րդն էր։ Հենց մեկնարկային տուրերում Ալենը անընդմեջ խաղաց մրցաշարի ապագա մրցանակակիրների հետ ու վաստակեց 1 միավոր։ Հետագայում հաջողվեց ուղղել մրցաշարային իրավիճակը և մնացած 8 խաղերում վաստակել 5,5 միավոր։ Վերջնական աղյուսակում Ալենը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։

U18 տարիքային խումբ

Սկզբնական աղյուսակում 15-րդ դասակարգված Գոռ Հարությունյանը մրցաշարի հաղթողների հավակնորդներից էր։ Սակայն, Գոռին չհաջողվեց հաղթել այն խաղերում, որոնցում նա պետք է հաղթեր։ Այդ պատճառով էլ, թեև մեր շախմատիստին հաջողվել էր հաղթել առաջին համարին և ոչ-ոքի խաղալ երկրորդ համարի հետ, նա վաստակեց 5 միավոր ու եզրափակիչ աղյուսակում զբաղեցրեց 16-րդ տեղը։